Սիրիական կառավարական ուժերն ազատագրել են Դեր Զորի հայկական մատուռը, որը կառուցվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է «Երկիր մեդիան» Almasdarnews գործակալության հաղորդագրության վրա հղումով:
Համաձայն տեղեկության, սիրիական բանակի 173-րդ հրետանային բրիգադն օդուժի աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Դեր Զորի այն հատվածի վրա, որտեղ գտնվում էր մատուռը: Այն ավերվել էր «Իսլամական պետության» զինյալների կողմից։
2014-ի սեպտեմբերի 21-ին «Իսլամական պետության» գրոհայիններն ականապատել և պայթեցրել էին Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Այս եկեղեցի-հուշահամալիրում էին ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կային։