6 մարտի 2007 - 13:39 AMT
Բիլլ Գեյթսը կոչ չի արել Ջորջ Բուշին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
Բիլլ Գեյթսը չի ստորագրել ամերիկացի հարյուր գործարարների անունից ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին հղած նամակը, որով կոչ է արվում ճնշում գործադրել Կոնգրեսի վրա, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը չընդունվի: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել Հայաստանում «Microsoft» ընկերության ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: «Microsoft» կորպորացիան եւ նրա նախագահ Բիլլ Գեյթսը պատկերացում չունեն այդ նամակի գոյության մասին եւ չեն կարող մեկնաբանել նրա բովանդակությունը, ծագումը, նպատակները եւ չգիտեն, թե ով է ստորագրվել նամակի տակ»,-հայտարարել է Գրիգոր Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ «Թըրքիշ դեյլի նյուս» թերթը հաղորդագրություն էր հրապարակել, որի համաձայն ԱՄՆ առաջատար 100 գործարարներ, որոնց թվում նաեւ Բիլլ Գեյթսը եւ Ուորրեն Բաֆֆետը, նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին կոչ անելով չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նամակում, մասնավորապես, ասվում է, որ «ցեղասպանության ճանաչումը կարող է աղետ դառնալ ԱՄՆ-ի համար: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում հիմնականում կտուժեն առեւտրային հարաբերությունները Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ»: Բացի այդ, նամակի հեղինակները համոզված են նաեւ, որ «Ցեղասպանության ճանաչումը կխոչընդոտի Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցմանը»: