24 մայիսի 2016 - 10:04 AMT
Ռոբերտ Հովհաննիսյանը 14-րդն է շախմատի անհատական ԵԱ-ում. Աշխարհի գավաթի ուղեգիր է նվաճել

Կոսովոյի Գժակովո քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներակայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը (7,5 միավոր) զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը:

Վերջին տուրում Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել Դանիան ներկայացնող Տարի Արյանի հետ: Արման Փաշիկյանը (34-րդ տեղ) պարտվել է: Ոչ-ոքի խաղացին Սամվել Տեր-Սահակյանը (24-րդ տեղ), Զավեն Անդրիասյանը (30-րդ տեղ), Մանուել Պետրոսյանը (47-րդ տեղ) և Գաբրիել Սարգսյանը (39-րդ տեղ): Հաղթանակ է տոնել Հրանտ Մելքումյանը (36-րդ տեղ) և Հովհաննես Գաբուզյանը (43-րդ տեղ):

Առաջնությանը մասնակցում էր 150 շախմատիստ:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոն է դարձել Էռնեստո Ինարկիևը, ով 11 հնարավորից հավաքել է 9 միավոր:

Մրցաշարը վարկանիշային էր 2017-ին Թբիլիսում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության համար: Խաղարկվում էր 23 ուղեգիր: Դրանցից մեկը նվաճել է Հովհաննիսյանը:

Ռոբերտ Հովհաննիսյանը (ծն. 1991) Հայաստանի շախմատի 71-րդ առաջնության հաղթող է, Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամ, 2011-ի աշխարհի թիմային առաջնության ոսկե մեդալակիր։ Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով (2011): 2015-ին Ռիգայում կայացած շախմատի միջազգային մրցաշարի երկրորդ տեղն է գրավել: