Մայիսի 24-ին Օքսֆորդի համալսարանի Սուրբ Էնթոնիի քոլեջում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող քննարկում է լինելու: Այս մասին տեղեկացնում է Օքսֆորդի համալսարանում Կովկասի, եվրոպական անվտանգության և Մերձավոր արևելքի հարցերով մշտական հեղինակ-ներկայացուցիչ, վերլուծաբան Դենիս Սամութը:
«Օքսֆորդի համալսարանի Սուրբ Էնթոնիի քոլեջում «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և դրա լայն տարածաշրջանային ռազմավարական հետևաները» թեմայով ելույթ եմ ունենալու», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամութը:
Նա տեղեկացրել է, որ թեմային անդրադառանալու են նաև պրոֆեսոր Ռոյ Էլլիսոնը, պրոֆեսոր Նեիլ Մաքֆարլանը, դոկտոր Լեիլա Ալիյևան և Սոս Ավետիսյանը, գրում է Aysor.am-ը:
2015-ի հոկտեմբերի 22-ին Օքսֆորդի համալսարանի Բոդլիան գրադարանում բացվեց «Հայաստան. հարատևող մշակույթի գանձերը» խորագրով բացառիկ ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումը կազմակերպվել է բրիտանահայ բարերար Րաֆֆի Մանուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ` Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի և Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ:
Ցուցանմուշներ են հավաքվել Մանչեսթերի և Լոնդոնի համայնքներից, որոնք անհատական պատմությունների հիման վրա նկարագրելու են ցեղասպանության արհավիրքը վերապրած ու Մեծ Բրիտանիայում հաստատված հայերի կենցաղը, մշակութային և կրոնական կյանքը:
Ցուցահանդեսը տևել է մինչև 2016թ. փետրվարը։ Ցուցահանդեսին զուգահեռ կազմակերպվել են դասախոսություններ, քննարկումներ և համերգներ: