6 մարտի 2007 - 19:33 AMT
Շվեյցարիայում սկսվել է Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք ազգայնականի դեմ դատավարությունը
Շվեյցարիայում սկսվել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի դատավարությունը, որը մեղադրվում է ռասիզմի մեջ` Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար: Պետական մեղադրողն այսօր պահանջել է Փերինչեքին դատապարտել 6 ամսվա ազատազրկման: Մեղավոր ճանաչվելու դեպքում Փերինչեքը առաջինը կլինի, ով Շվեյցարիայի հակառասիստական օրենքով կդատապարտվի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: 2001 թվականին Բեռնի դատարանը արդարացրել է նույն մեղադրանքով դատարանի առջեւ կանգնած 12 թուրքերի: Կարմիր գլխաշորերով եւ թուրքական դրոշներով մոտ 150 ցուցարարներ այսօր հավաքվել են դատարանին մերձակա հրապարակում` լուռ աջակցություն հայտնելով Փերինչեքին: Թուրք ազգայնականը, մինչդեռ, վստահ է, որ ազատ է արձակվելու: «Չեմ կարծում, թե կդատապարտվեմ», - երկուշաբթի օրը թղթակիցներին ասել է Փերինչեքը: Նա ընդունել է, որ իր երկրում հայերը կոտորածի են ենթարկվել, սակայն պնդել է, թե դա ցեղասպանություն չէր, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: