25 մայիսի 2016 - 12:52 AMT
Ուորլիքը՝ նախագահների հանդիպման մասին. Մեր նպատակն է բանակցությունների հող նախապատրաստել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ համանախագահները մտադրություն չունեն արտահերթ այց կատարելու տարածաշրջան, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ամերիկացի համանախագահը նշել է, որ նպատակ ունենալով նախապատրաստել հունիսին կայանալիք նախագահների հանդիպումը, ՄԽ համանախագահները հուսով են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: «Մեր նպատակն է հող նախապատրաստել բանակցությունների համար, որոնք կհանգեցնեն համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքման»,-ասել է նա:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը արդյունավետ էր՝ հստակ համաձայնություններով և հանձնառություններով, ներառյալ՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ իրականացումը, հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը:

«Ցավոք, հանդիպումից ընդամենը օրեր անց ադրբեջանական պաշտոնյաները դրա արդյունքը կասկածի տակ դնող ապարդյուն փորձեր են կատարում` ներկայացնելով իրենց սեփական խեղաթյուրված մեկնաբանությունները, որոնք հակասում են հանդիպման արդյունքների վերաբերյալ համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված համատեղ հայտարարությանը: Բաքուն շինծու մեղադրանքներով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը ադրբեջանական զինուժի կողմից գործած հանցագործություններից, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների աղաղակող փաստերից»,-ասել էր նախարարը: