26 մայիսի 2016 - 16:49 AMT
10 հիմնական ապրանքատեսակ ներկրողների համար հուշաթերթիկները պատրաստ են

Ի կատարումն Հայաստանի վարչապետի հանձնարարականի՝ վերլուծել երկրում մենաշնորհները, Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստում է զեկույց, որը, նախարար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ, շուտով պատրաստ կլինի:

Նախարարը մայիսի 26-ին Կառարավության նիստում ներկայացրել է առաջին փուլի արդյունքները: Ըստ այդմ՝ գործարարների համար պատրաստվել են բացատրական հուշաթերթիկներ կարագի, ալյուրի, ցորենի, շաքարավազի, արևածաղկի յուղի, հավի մսի, նարնջի, բանանի, բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման վերաբերյալ:

«Մենք առանձնացրեցինք տաս հիմնական ապրանքատեսակ, որոնք հանրության շրջանում ամենապահանջվածն են, և որոնք ըստ էության նաև մենաշնորհային ոլորտներ են դիտարկվում հանրության և մասնագիտական շրջանակների կողմից», - պարզաբանել է նախարարը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

ՀՀ կառավարության մայիսի 19-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական է տվել էկոնոմիկայի նախարարին կազմել հուշաթերթ, որպեսզի ներկրումով զբաղվողների համար հասանելի և պարզ լինի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ մյուս մարմիններում արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար:

Աբրահամյանը նաև հանձնարարական է տվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի բոլոր ներկրողների համար ստեղծեն հարկային և մաքսային հավասար պայմաններ և ընդգծել է, որ այդ գործընթացը լինելու է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության հսկողության ներքո՝ ստուգելու են շաբաթը կամ ամիսը մեկ անգամ: