Թուրքիա ժամանած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը ապրիլին կրճատվել է 28%-ով: Այս ցուցանիշի անկման տեմպը երկրում ամենակտրուկն է եղել վերջին 17 տարում:
Թուրքիայումվերջին անգամ զբոսաշրջային հոսքի նման անկում գրանցվել է 1999-ին, երբ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը արտասահմանցիների մի շարք առևանգումներ իրականացրեց Թուրքիայի իշխանությունների կողմից իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալությունից հետո:
Ապրիլ ամսին Թուրքիա է ժամանել 1.74 մլն հանգստացող, մինչդեռ 2015-ին այդ նույն ժամանակահատվածում ժամանել էր 2.43 մլն օտարերկրացի զբոսաշրջիկ: Նշվում է, որ ռուս զբոսաշրջիկների թիվը 2015-ի համեմատ կրճատվել է 80%-ով, Տասս-ին հղումով գրում է Tert.am-ը:
Գերմանիայում գործող TUI միջազգային զբոսաշրջային գործակալության միջոցով Թուրքիայում արվող ամրագրումները նվազել են:2016 թվականի ամռային հանգստի համար Թուրքիայի հյուրանոցներում ամրագրումներ անողների թիվը նվազել է 40%-ով:
Ընթացիկ տարվա հունվարին Անթալիա այցելած ռուս զբոսաշրջիկների քանակը նվազել է 5 անգամ` նախորդ տարվա համեմատ: Ռուս զբոսաշրջիկների այցելությունների քանակի ռեկորդային անկումը մտահոգել է Անթալիայի բնակիչներին: Ըստ Անթալիայի մշակույթի և զբոսաշրջության վարչության տվյալների, ընթացիկ տարվա հունվարին Ռուսաստանից Անթալիա է այցելել ընդամենը 2427 զբոսաշրջիկ, այն դեպքում, երբ 2015-ի հունվարին այդ ցուցանիշը կազմել է 12 870 մարդ, իսկ հանգստացողների ընդհանուր թիվը հունվարին ամենացածրն է եղել վերջին 10 տարում: