Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
Հենացատկերի վարժությունում Դավթյանը հավաքելով 15.316 միավոր՝ արծաթե մեդալ է նվաճել, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Այս ձևում լավագույն արդյունք` 15.399, գրանցել է Ուկրաինան ներկայացնող Օլեգ Վերնյաևը:
Ավելի վաղ՝ հավաքականի մյուս անդամներից Հարություն Մերդինյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն՝ անկախ ՀՀ-ի պատմության մեջ առաջին անգամ, իսկ Վահագն Դավթյանն՝ արծաթե մեդալակիր:
Հարություն Մերդինյանն աշխարհի 2015-ի բրոնզե մեդալակիր է նժույգթափերում, 2016-ի աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր: Վահագն Դավթյանը 2016-ի մարմնամարզության աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր է օղակների վարժությունում:
Արթուր Դավթյանը 4-րդն էր 2016-ի աշխահի գավաթի խաղարկությունում (հենացատկ), 2013-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2015-ի Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում առաջինն էր բազմամարտում ու հենացատկում:
Հավաքականի գլխավոր մարզիչն է Հակոբ Սերոբյանը: