30 մայիսի 2016 - 10:53 AMT
Իրաքում ահաբեկիչները սպանել են «Ռեալի» երկրպագուներին, որոնք դիտում էին Չեմպիոնների լիգայի խաղը

Իրաքում ահաբեկիչները սպանել են «Ռեալի» առնվազն 12 երկրպագուի, որոնք դիտում էին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը իրենց թիմի մասնակցությամբ, հայտնում է As-ը:

Ողբերգությունը տեղի է ունեցել Բակուբա քաղաքում, որը Բաղդադից 50 կմ հեռավարության վրա է դեպի հյուսիս-արևելք: Ահաբեկիչները ներխուժել են տարածք, որտեղ դիտում էին խաղը, և անկանոն կրակ են բացել ինքնաձիգերից: Ըստ նախնական տվյալների, 12 մարդ զոհվել է, 8-ը վիրավորվել: Այլ աղբյուրներ հայտարարել են 5 զոհի և 4 վիրավորի մասին: Զոհվածները 18-30 տարեկան էին: Հարձակվողները թաքնվել են, ոչ ոքի չի հաջողվել ձերբակալել: Երկրի իշխանությունները հարձակումը վերագրում են «Իսլամական պետությանը»:

Մայիսի 13-ին նմանատիպ ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ֆուտբոլի խաղի դիտման ժամանակ` սպանվել է 16 մարդ, որից 12-ը «Ռեալի» երկրպագու էր, ևս 20-ը` վիրավորվել է:

Մայիսի 28-ին Միլանում «Ռեալը» հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայի եզրափակչում և 11-րդ անգամ հաղթեց Եվրոպայի ակումբային մրցաշարում: Հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվել են ոչ ոքի` 1:1 հաշվով:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: