Երևանում տրվել է Շիրակի փողոցից Արգավանդի խճուղի տանող նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքների մեկնարկը:
Հիմնարկեքի արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու կառուցապատող «Սերենիսիմա Կոնստրուցիոնի» կազմակերպության նախագահ Ալբերտո Բրենտեգանին ստորագրել են նոր ավտոճանապարհի կառուցումն ազդարարող երկկողմ հուշագիր, որի մեկ օրինակը տեղադրվել է կառուցվելիք ավտոճանապարհի հիմքում:
Քաղաքապետը նշել է, որ հատվածը Երևանի Շենգավիթ վարչական շրջանը կկապի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետ: Այս աշխատանքների շրջանակում Հրազդան գետի վրա կկառուցվի նաև 252 մ երկարությամբ կամուրջ, որը կկրի «Էրեբունի-Երևան 2800» անունը և կնվիրվի Երևանի 2800-ամյակին: «Այս հատվածի շինարարական աշխատանքները կիրականացնի միջազգային մրցույթում հաղթած իտալական փորձառու կազմակերպությունը», – նշել է քաղաքապետը:
Նոր ճանապարհը կունենա 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մետր լայնությամբ, շուրջ 1,5 կմ երկարությամբ: