12 մարտի 2007 - 18:31 AMT
Վ.Օսկանյանն ու Ժ.Ֆուրնյեն կարեւորել են հասարակության ներգրավվածությունը Հայաստան-ՆԱՏՕ երկխոսությանը
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Հասարակական դիվանագիտության հարցերով օգնական Ժան Ֆուրնյեին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ժան Ֆուրնյեն նշեց մարտի 12-ին մեկնարկած Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա անցկացման կարեւորությունը Դաշինքի մասին համապատասխան տեղեկություններ տարածելու տեսանկյունից, հատուկ ընդգծելով ծավալվող երկխոսության, ՆԱՏՕ-ի տեղի ու դերի մասին քննարկումների օգտակարությունը նաեւ Դաշինքի համար: Զրուցակիցները կարեւորեցին հասարակության ներգրավվումը Հայաստան-ՆԱՏՕ երկխոսության մեջ, որը չի սահմանափակվում միայն անվտանգության խնդիրներով եւ ներառում է հասարակական հետաքրքրությունների լայն շրջանակ: Անդրադարձ եղավ նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրագործմանը: