2 հունիսի 2016 - 14:19 AMT
Բունդեսթագի նախագահ. Թույլ չենք տա ահաբեկել մեզ

Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբեր Լամերտը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկության կապակցությամբ իր ներածական խոսքում հայտարարել է, որ գերմանացի խորհրդարանականները պատրաստ են քննադատություն ընդունել, բայց թույլ չեն տա իրենց ահաբեկել:

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունթեսթագում քվեարկության է դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Դա առաջացրել է Թուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում են խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը:

«Մենք թույլ չենք տա մեզ ահաբեկել»,-ասել է Լամերտը, հայտնում է RT-ն:

Մերկելը և երկու ամենաբարձրաստիճան սոցիալ- դեմոկրատ նախարարները՝ փոխկանցլեր Սիգմար Գաբրիելը և արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ներկա չեն լինի խորհրդարանում քվեարկության ժամանակ՝ որպես պատրվակ ներկայացնելով «այլ կառավարական գործերը»:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանն ընդառաջ Գերմանիայում բնակվող թուրքերը շարունակում են ժխտողականություն տարածել և ճնշում գործադրել գերմանացի օրենսդիրների վրա: Մեծ թվով գերմանաբնակ թուրքեր ցույց են կազմակերպել Բեռլինում:

Միաժամանակ Հայաստանի, Հունաստանի և մի շարք այլ երկրների դրոշներ պարզած ցուցարարները «Ճշմարտության շղթա» են կազմել՝ կոչ անելով ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման,էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը: