2 հունիսի 2016 - 19:35 AMT
Լեհաստանում վերահուղարկավորել են հայուհի Յադվիգա Զարուգևիչին՝ Անհայտ զինվորի խորհրդանշական մորը

Մայիսի 30-ին Վարշավայում մեծ հանդիսավորությամբ և զինվորական կարգով տեղի է ունեցել նշանավոր հայուհի, Լեհաստանի Անհայտ զինվորի խորհրդանշական մայր հանդիսացող Յադվիգա Զառուգևիչի վերահուղարկավորման արարողությունը:

Յադվիգա Զարուգևիչի որդին զոհվել է 1920 թվականին լեհ-սովետական պատերազմի Զադվորյեի ճակատամարտում ու թաղվել է անհայտ վայրում: 1925 թվականին ,երբ որոշվեց կառուցել լեհական Անհայտ զինվորի հուշարձանը, նրան նստահվեց ընտրել հուԱնհայտ զինվորի հուշարձանում թաղվելիք ինքնությունը չպարզված զինծառայողին ընտրելու պատիվը:

Արարողությանը նախորդել է Վարշավայում՝ Լեհաստանի բանակի եկեղեցում, մատուցված սուրբ պատարագ, որին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Սեյմի նախագահի տեղակալ Յոախիմ Բրուջինսկին, Լեհաստանի Նախագահի խորհրդական Բարբարա Ֆեդիշակ-Ռաջեյովսկան, ԼՀ պատերազմի վետերանների և բռնադատվածների հիշատակի պաշտպանության խորհրդի քարտուղար-նախարար Անժեյ Քշիշտոֆ Կուներտը, ԼՀ Զինված Ուժերի տարբեր ստորաբաժանումների պատասխանատու զինվորականներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, Յադվիգա Զառուգևիչի ընտանիքի անդամներ:

Պատարագի ընթացքում ընթերցվել է ԼՀ Նախագահ Անժեյ Դուդայի հրամանագիրը, որով Զառուգևիչը հետմահու պարգևատրվել է Լեհաստանի Վերածննդի Ասպետական Խաչ շքանշանով: Պատարագի ժամանակ ելույթով հանդես եկավ նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:

Յադիվգա Զառուգևիչի վերահուղարկավորությունը տեղի է ունեցել Վարշավայի Զինվորական պանթեոնում, իսկ գերեզմանի մոտ Հայաստանից հատուկ այդ նպատակով բերված խաչքարն է դրվել:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ԼՀ պատերազմի վետերանների և բռնադատվածների հիշատակի պաշտպանության խորհրդի քարտուղար-նախարար Անժեյ Քշիշտոֆ Կուներտը, ԼՀ պաշտպանության նախարարի տեղակալ, պրոֆեսոր Վոյչեխ Ֆալկովսկին, Լեհաստանի Հայկական հիմնադրամի փոխնախագահ Մաչեյ Պողոսևիչը, Յադվիգա Զառուգևիչի թոռը: