4 հունիսի 2016 - 14:53 AMT
ՌԴ ԱԳՆ. Թուրքիան անադեկվատ է արձագանքել Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչմանը

Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի որոշումը բխում է այն հանգամանքից, որ որոշ հարցերում Թուրքիան չի ցանկանում լինել ԵՄ իսկական գործընկերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ըստ Լավրովի, դա բխում է նրանից, որ Թուրքիան չի ցանկանում իրական գործընկեր լինել մի շարք հարցերում. փորձում է պարբերաբար սկանդալներ սարքել, վիրավորել իր գործընկերներին, այդ թվում Եվրոպայում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ, որ Թուրքիայի արձագանքը Բունդեսթագի որոշմանն ամենևին ադեկվատ չէ»,-ասել է ՌԴ ԱԳՆ-ն: Լավրովը նաև նշել է, որ իր կարծիքով, դերակատարություն են ունեցել ինչ-ինչ նկատառումներ, որոնք դրդել են Բունդեսթագում քվեարկության նախաձեռնողներին առաջարկել դա անել հենց այս պահին:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։