7 հունիսի 2016 - 15:50 AMT
ԱԳՆ. Պակիստան-ԵՏՄ պայմանագրի ստորագրումը կախված կլինի ՀՀ հանդեպ Իսլամաբադի դիրքորոշումից

Պակիստանի Առևտրի զարգացման գործակալության տնօրեն Շեյխ Մոհամադ Մունիրը հունիսի 6-ին հայտարարել է, որ երկիրը հույս ունի մեկ տարվա ընթացքում ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ:

Ընդ որում, Պակիստանը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը՝ ԵՏՄ անդամներից մեկին:

Պատասխանելով Պակիստանի՝ ԵՏՄ-ին միանալու հեռանկարին Հայաստանի վերաբերմունքի վերաբերյալ PanARMENIAN.Net-ի հարցմանը, ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ Եվրասիական տնտեսական միության և որևէ երկրի միջև ազատ առևտրի համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է կառույցի բոլոր անդամ-պետությունների համաձայնությունը:

«Եթե ԵԱՏՄ-ի և Պակիստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու հարցը քննարկման առարկա դառնա, ապա Հայաստանի Հանրապետության մոտեցումը պայմանավորված կլինի Պակիստանի դիրքորոշմամբ Հայաստանի հետ հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորման հարցերում», - ասված է արտաքին գերատեսչության պատասխանում:

2016-ի տարեսկզբին Իսլամաբադը ԵՏՄ-ին ազատ առևտրի համաձայնագիր կնքելու վերաբերյալ հարցում է ուղարկել: Նմանատիպ պայմանագիր է ուզում կնքել կառույցի հետ մոտ 40 երկիր: