7 հունիսի 2016 - 18:36 AMT
Նիդերլանդների ԱԳՆ-ն դիմելու է խորհրդարանին՝ Ցեղասպանության ճանաչման հարցով

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է նամակով դիմել երկրի խորհրդարանին՝ Ցեղասպանության ճանաչման հարցով: Այս մասին հայտնել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաուման:

«Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը այս շաբաթ նամակով կդիմի խորհրդարանին», - գրել է դեսպանը Twitter-ի իր միկրոբլոգում՝ պատասնանելով ՀՀ նախագահի ռեֆերենտ Նաիրի Պետրոսյանի հարցին, թե որն է Նիդերլանդների կառավարության տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում:

Նիդերլանդների ԱԳ նախարար Բերտ Քունդերսը 2015-ի ապրիլի 4-ին հայտարարել է, որ այն հարցը, թե արդյոք Օսմանյան Թուրքիայում կատարվածը ցեղասպանություն էր իրավական առումով Նիդերլանդների կառավարությանը չէ, որ պետք է հղվի:

Դեռևս 2011 թ. հոլանդական խորհրդարանում լսումներ անցկացվեցին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու շուրջ: Օրինագիծը 2006 թ. ներկայացրել էր խորհրդարան «Քրիստոնյա միություն» խմբակցությունը, սակայն այն այդպես էլ չստացավ մեծամասնության աջակցությունը: Օրինագծի ընդդիմադիրները իրենց մերժումը պատճառաբանեցին նրանով, որ նմանատիպ օրենք արդեն գործում է Հոլանդիայում: Բացի այդ, այն սահմանափակում է խոսքի ազատությունը:

Օրինագծի հեղինակները նշեցին, որ Ցեղասպանության ժխտման քրեականացման անհրաժեշտությունը հիմնավարված է ԵՄ 2008 թ. նոյեմբերի 28-ին «Պայքարը ռասիզմի և այլատյացության որոշ ձևերի ու դրսևորումների դեմ քրեական իրավունքի միջոցով» շրջանակային համաձայնագրով, ինչը քրեական պատիժ է ենթադրում Ցեղասպանության ժխտման համար: Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում հանցագործության ժխտումը համարվում է լուրջ զանցանք և այդ սահմանմանը չի համապատասխանում: Որպես ցեղասպանության օրինակներ հիշատակվում էին Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Ռուանդայի և Սրեբրենիցեի ցեղասպանությունները: