7 հունիսի 2016 - 23:18 AMT
Վրացի գործարար. Հայաստանում McDonald's բացելու հավանություն եմ ստացել

Վրացի գործարար Թեմուր Չկոնիան հավանություն է ստացել Հայաստանում McDonald's բացելու համար: Այդ մասին հայտարարել է ինքը՝ գործարարը, գրումէ «Sputnik Հայաստան»-ը։ Լուրը, թե McDonald's արագ սննդի ցանցը շուտով մասնաճյուղ կբացի Երևանում, ամիսներ առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել ոչ միայն տեղի բնակչության, հայ գործարարների շրջանում, այլև մամուլում։

Հայաստանում McDonald's բացելու հարցը որոշվել է Օռլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ) McDonald's ընկերության ներկայացուցիչների հանդիպման շրջանակում։

«Ստացել եմ McDonald's կորպորացիայի գլխամասային գրասենյակի համաձայնությունը` կապված Հայաստանում արագ սննդի ցանց բացելու հետ։ Մնացել է հարցը լուծել Հայաստանի կառավարության հետ։ Մենք 100 տոկոսով համոզված ենք, որ կբացենք McDonald's։ Դա միայն ժամանակի հարց է»,- ասել է Չկոնիան։

McDonald's-ի շուրջ կրքերը թեժացան, երբ 2016-ի մարտին վրացի գործարար Թեմուր Չկոնիան հայտնեց, որ մտադիր է McDonald's բացել։ Միաժամանակ նա մանրամասն նկարագրել էչ շինության տեսակը և տվյալներ ներկայացրել հայկական շուկայի մասին։

Նրա խոսքով` մեկ McDonald's կառուցելու համար անհրաժեշտ է 1500 քմ տարածք, իսկ Հայաստանի տարածքում կարելի է կառուցել ցանցի 8 ռեստորան, որտեղ կարող է աշխատել մինչև 30 տարեկան մոտ 1500 մարդ։

Տեղի գործարարները կասկածում են McDonald's ցանցի բացմանը, քանի որ նրանցից ոմանք ժամանակին փորձել են անել դա, բայց փախողվել:

McDonald's-ն աշխարհի խոշորագույն արագ սննդի ցանցն է. 2014 թվականին ընկերությունն աշխատել է $27 մլրդ: