8 հունիսի 2016 - 17:58 AMT
Թուրքիայի հավատարմատարին կանչել են ԳԴՀ ԱԳՆ` հայկական բանաձևին արձագանքի համար

Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան հավատարմատարին կանչել են ԳԴՀ ԱԳՆ խոսելու «վերջին օրերի իրադարձությունների և Բունդեսթագում հայկական բանաձևի ընդունմանը թուրքական արձագանքի մասին»: Այդ մասին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Խոսք է գնացել Գերմանիայի և Թուրքիայի ավանդաբար սերտ ու վստահելի հարաբերությունների մասին, ընդգծվել է, որ գերմանացի պատգամավորների մասին վերջին արտահայտությունները չեն համապատասխանում դրան և տարակուսանք են առաջացրել»,-հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ չի հասկանում թուրքական կողմի մեղադրանքները, քանի որ Բունդեսթագի պատգամավորներն ազատ ընտրված պատգամավորներ են: Ըստ նրա, Թուրքիան պետք է բանակցություններ սկսի Հայաստանի հետ:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Գերմանիան նաև իր պատասխանատվության բաժինն է ընդունում տեղի ունեցածի համար:

Ընթերցեք նաև. Էրդողանն ի պատասխան Բունդեսթագի որոշման Սբ Սոֆիան մզկիթի է վերածել