8 հունիսի 2016 - 16:34 AMT
Միավորված ՀՕՊ շրջանակում Բելառուսն ու Ղազախստանն անվճար Ս-300 համակարգեր են ստացել

Միավորված տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի ամրացման նպատակով ՌԴ-ն Ղազախստանին անվարձահատույց Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգեր է տրամադրել:

Այդ մասին է հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ղազախստանցի գործընկեր Իմանգալի Թասմագանբեթովի հետ հանդիպումից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նա նաև նշել է, որ ՌԴ ու Ղազախստանի ռազմաարդյունաբերական համալիրները համագործակցության լավ հեռանկարներ ունեն: «Առաջնահերթությունը ցանկացած մարտահրավերին դիմակայել պատրաստ համատեղ պաշտպանական պոտենցիալի ստեղծումն է», - ասել է նա:

Միավորված ՀՕՊ շրջանակներում անվճար Ս-300 համակարգեր է ստացել նաև Բելառուսը. 2016 թվականի մարտին նրան է տրամադրվել 4 դիվիզիոն վերոհիշյալ ԶՀՀ:

Ս-300ՊՍ-ն շահագործվում է 1982 թվականից:

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Հայաստանը և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին: Հունիսին պայմանագիրն ուղարկվել է ՀՀ ԱԺ՝ վավերացման: