Մոսկովյան «Սպարտակն» ու բելգրադյան «Պարտիզանը» միանում են Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի համար պայքարին:
Այդ մասին է գրում ՏԱՍՍ-ը՝ հղում անելով սերբական «Սպորտսկի ժուրնալ» պարբերականին:
Համբարձումյանը խաղում է մակեդոնական «Վարդարում»: Հայ ֆուտբոլիստի հրաժարագինը, ըստ ակումբի հետ պայմանագրի, կազմում է 600.000 ֆունթ սթերլինգ:
Ավելի վաղ բրիտանական մամուլը գրում էր որ հայ պաշտպանին փորձում են ձեռք բերել նաև անգլիական Պրեմիեր-լիգայի չեմպիոն Լեսթերը: Որոշակի հետաքրքրություն ունեն նաև «Էվերթոնն» ու «Վեսթ Բրոմվիչ»-ը, ինչպես նաև բելգիական «Անդերլեխթն» ու «Բրյուգեն»:
Ինքը Համբարձումյանը հայտարարել է, որ Պրեմիեր-լիգա տեղափոխվելն իր նպատակներից է: «Խաղալով Չեմպիոնների լիգայում, ես հասկացա, որ պատրաստ եմ ավելի մեծ ակումբ տեղափոխվելուն: Գիտեմ, որ դա լուրջ քայլ է լինելու, բայց պատրաստ եմ», - ասել է նա: Համբարձումյանը նաև ընդգծել է, որ Մխիթարյանի օրինակն ապացուցեց աշխարհին՝ Հայաստանում արագաշարժ ու տեխնիկապես պատրաստված ֆուտբոլիստներ կան: