Հունիսի 10-ին ԱՄՆ Սիլիկոնյան հովտում, «Սինոփսիս Մաունթին Վյու» կամպուսում կկայանա Armenia IT Forum-ը: Համաժողովին կմասնակցի ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակությունը:
Նախարարը հանդիպում կունենա «Սինոփսիս»ի նախագահ Չի Ֆուն Չանի հետ, շրջայց կկատարի «Սինոփսիսի» կամպուսում, կհանդիպի Սիլիկոնյան հովտի երիտասարդ հայ ծրագրավորողների հետ:
Հունիսի 11-ին Լոս Անջելեսում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի գործարար հանաժողովին: Նախատեսված են նաև նախարարի հանդիպումները Լոս Անջելեսի հայ համայնքի անդամների, կուսակցությունների, հայրենակցական միությունների, այլ կառույցների ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակներում նախատեսվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի մի շարք հանդիպումներ և այցելություններ, այդ թվում` IBM Հետազոտությունների ու մշակումների (R&D) կենտրոն:
Հայաստանում գործում է մոտ 450 ՏՀՏ ընկերություն: 10 տարում ընկերությունների քանակն աճել է 300%-ով, իսկ 2014-ի համեմատ՝ 13.6%-ով: Այս ընկերությունների մեծ մասը՝ մոտ 88%-ը, տեղակայված է Երևանում, այնուամենայնիվ, մարզային զարգացման ծրագրերի շրջանակներում աճում է նաև ՀՀ այլ մարզերում, հատկապես Շիրակում և Լոռիում գործող ընկերությունների թիվը: 2015 թվականին գրանցված 70 նոր ընկերությունները ստեղծվել են շուրջ 400 նոր հաստիք, իսկ ընդհանուր ոլորտը՝ մոտ 1200 նոր աշխատատեղ: Ոլորտում զբաղվածների թիվը հասել է 12685-ի (տարվա կտրվածքովվ մոտ 10% աճ): Տեխնիկական մասնագետների (ծրագրային ապահովման ճարտարագետներ, վերլուծաբաններ, ծրագրավորողներ, ՏՏ ծրագրերի ղեկավարներ և այլն) թիվը հասել է 10250-ի: Ընդհանուր առմամբ, ոլորտում ներգրավված աշխատողների, այդ թվում՝ օժանդակ անձնակազմի անդամների թիվը հասնում է մոտ 15000-ի: