9 հունիսի 2016 - 16:34 AMT
ՌԴ ԱԳՆ. Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրով եռակողմ գագաթնաժողով կանցկացվի

Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության գծով եռակողմ գագաթնաժողով տեղի կունենա, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Հունիսի 9-ին ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ժան Մորիս Ռիպերին և ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ, «Արևելյան գործընկերության» հարցերի գծով Ֆրանսիայի դեսպան Պիեռ Անդրիոյին:

Զրյուցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված միջազգային ջանքերին առնչվող հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության գծով Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստումը:

Հանդիպման ժամկետները դեռևս հայտնի չեն:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

Ընթերցեք նաև. Մերկել. Գերմանիան կաջակցի ղարաբաղյան կարգավորմանը