Թուրքիայի քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցությունը (ԺԴԿ) բողոքով կդիմի Եվրոպայի մարդու իրավունքների դատարան` պատգամավորների անձեռնմխելիությունը չեղարկելու վերաբերյալ օրենքի ընդունման հարցով: Այդ մասին հայտարարել է Ադանայից ընտրված պատգամավոր Մերալ Դանիշը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հունիսի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հնարավորություն ընձեռող օրենքը: Այս օրենքը թույլ կտա մի շարք ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ իրավական գործընթացներ սկսել: 117 պատգամվոր գործ արդեն ուղարկվել է դատախազություն:
«Սա ամբողջությամբ քաղաքական գործընթաց է, որը սկսել է երկրի նախագահը: Մենք մտադիր չենք դատախզություն գնալ և ցուցմունքներ տալ,. քանի որ արդար դատավարություն չենք ակնկալում: Ամսվա վերջում մենք պատրաստվում ենք բողոք ներկայացնել ՄԻԵԴ»,-ասել է Դանիշը:
Ըստ նրա դատախազությունը կարող է դատարան ներկայանալու ծանուցում ուղարկել իրենց կամ բերման ենթարկել: «Մեզ բանտ նստեցնելու ոչ մի պատճառ չկա, մենք ոչ մի հանցագործություն չենք կատարել: Այն ամենն, ինչ արել ենք, դա քաղաքական աշխատանք է: Սակայն, քանի որ այս որոշումը քաղաքական է, բարդ է կանխատեսել դատախազության հետագա քայլերը»,-ասել է պատգամավորը:
Թուրքիայի խորհրդարանի 138 պատգամավորների նկատմամբ արդեն կան հարուցված քրեական գործեր, սակայն անձեռնմխելիության պատճառով հնարավոր չէր նրանց դեմ դատական գործընթաց սկսել: Այդ 138 պատգամավորից 101-ը Թուրքիայի երկու ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունների անդամներ են:
Ընթերցեք նաև. Եվրախորհրդարանը վրդովված է Թուրքիայի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշմամբ