11 հունիսի 2016 - 14:03 AMT
Բալայան. Նժդեհին հուշարձանի բացումը պատվիրված հրապարակումների ալիք առաջացրեց Ադրբեջանում

Բոլորին է հայտնի, որ Հայաստանում Նժդեհի անունով են անվանակոչված հրապարակներ, փողոցներ, մետրոյի կայարան, կանգնեցված են նրա հուշարձանները: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 10-ին հայտարարել է, որ «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»:

«Բոլորին է հայտնի, որ Հայաստանում Նժդեհի անունով են անվանակոչված հրապարակներ, փողոցներ, մետրոյի կայարան, կանգնեցված են նրա հուշարձանները`թուրք զավթիչների դեմ նրա հերոսական պայքարի, Հայաստանի Առաջին հանրապետության տարիներին այն ժամանակ քարտեզին նոր հայտնված պետության` Ադրբեջանի զինված կազմավորումներից բնակչությանը պաշտպանելու, Հայաստանի տարածքների, այդ թվում Զանգեզուրի, պաշտպանությունը կազմակերպելու համար»,-գրել է Բալայանը իր ֆեյսբուքյան էջում:

«Ուստի, ամենևին տարօրինակ չէ, որ գեներալ Նժդեհի նոր հուշարձանի բացումը Երևանում պատվիրված հրապարակումների հերթական ալիքը բարձրացրեց Ադրբեջանում, որոնք Ադրբեջանի ղեկավարի ՀՀ տարածքի հանդեպ բազմիցս հնչեցրած նկրտումների անմիջական հետևանքն է:

Ֆաշիզմի ջախջախման գործում հայ ժողովրդի անգնահատելի ավանդը ստվերելու Բաքվի ճիգերը բարոյազուրկ են և ապարդյուն»,-ասվում է Բալայանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանն` իր հերթին ասել է, որ Գարեգին Նժդեհը Հայաստանի ազգային հերոս է, ինչպես Ալեքսանդր Նևսկին, Ալեքսանդր Սուվորովը, մարշալ Կուտուզովը, Բագրատիոնը` եղբայրական ռուս ժողովրդի համար:

«Եվ որպես պատմաբան, ցանկանում եմ ընդգծել, որ Գարեգին Նժդեհը ֆաշիզմի և ազգայնամոլության հետ որևէ կապ չի ունեցել: Նժդեհը ազգանամոլ չէ, նա հայ հայրենասեր է. անթույլատրելի և անհարկի է այդ հարցի շահարկումը»,-հավելել է նա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր նաև, որ Մոսկվայի համար հիմնական ցուցիչը Երևանի վերաբերմունքն է Հայրենական պատերազմում հաղթանակի հիշատակի պահպանմանը և մայիսի 9-ի տոնին: Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանը ՄԱԿ ռասիզմի, նացիզմի ու նեոնացիզմի դեմ պայքարի կոչ անող բանաձևի համահեղինակն է:

Մայիսի 25-ին հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է Վերնիսաժին հարող զբոսայգում: Քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը: Արձանի բացումը տեղի է ունեցել մայիսի 28-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ: Արձանը բացել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Գարեգին Նժդեհի ծոռը՝ Արմեն Բաբայանը: ՀՀ նախագահը ծաղիկներ է դրել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր գործչի հիշատակին: