11 հունիսի 2016 - 19:49 AMT
Սպիտակ տունը՝ ԼՂ կարգավիճակի, Սարսանգի ու անվտանգության գոտու մասին

ԱՄՆ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ սկսել բանակցություններ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների՝ Ադրբեջանին վերադարձի ու Ղարաբաղի կարգավիճակի որոշման վերաբերյալ:

Այս մասին է նշվում Սպիտակ տան՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ադրբեջանցիների կազմակերպված ստորագրահավաքին ի պատասխան տարածված հայտարարությունում:

«Մենք աջակցել և աջակցելու ենք հումանիտար հարցերի քննարկմանը: Դրանցից մեկն է Սարսանգի ջրամբարի ղեկավարման ու սպասարկման հարցը: Մենք ողջունում ենք ջրային ռեսուրսների հարցերով մասնագետների հանդիպումը՝ ջրային ռեսուրսների և ամբարների կարգավորման հարցերը քննարկելու նպատակով: Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են օգնել նման հանդիպում կազմակերպելու հարցում», - ասվում է հայտարարությունում:

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն ընդունել էր Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի ներկայացրած «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» բանաձևը: Հեղինակը կազմել էր այն՝ առանց ԼՂՀ այցելելու, թեև Ստեփանակերտը հայտնել էր, որ պատրաստ է ընդունել նրան:

2013-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ Սարսանգի ջրամբարի և Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի օգտագործումը կարող են գործակցության հիմք հանդիսանալ ԼՂՀ և Ադրբեջանի համար:

«Սարսանգի ջրամբարի հնարավորությունները ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը: Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, Արցախի կառավարությունը ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Արցախի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար», - ասել էր նա:Սակայն Ադրբեջանն անտեսել է գործակցության կոչերը և Սարսանգի ջրամբարի անվտանգության հարցը դարձնում է քարոզչական գործիք միջազգային կազմակերպություններում՝ հայտարարելով, որ Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։