15 հունիսի 2016 - 13:34 AMT
Միչիգանի դպրոցներում Ցեղասպանության մասին դասաժամեր կանցկացվեն

ԱՄՆ Միչիգան նահանգի նահանգապետ Ռիք Սնայդերը ստորագրել է ցեղասպանությունների մասին դասընթացները դպրոցներում ներգրավելու վերաբերյալ օրենքը:

Ինչպես հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը, դասընթացները ներառում են Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության դասավանդումը: Խորհուրդ է տրվում կրթական 6-ժամանոցծրագիր՝ 8-12 դասարանների աշակերտների համար:

Համապատասխան օրինագիծը փետրվարի 23-ին ընդունել է նահանգի ներկայացուցիչների պալատը (խորհրդարանի ստորին պալատ):

Դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը դեռ 2014-ի օգոստոսին միաձայն քվեարկությամբ ընդունել է նաև Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սենատը: Դրանով ցեղասպանությունը վերապրածների ու ականատեսների բանավոր հիշատակությունները կներառվեն նահանգի հանրային դպրոցների մարդու իրավունքների մասին դասընթացի ուսումնական պլանում:

Այսպիսով, օրինգածքի ընդունմամբ Կալիֆորնիան դարձել էր ամերիկյան 12-րդ նահանգը, որտեղ Հայոց ցեղասպանության թեման ներառված է ուսումնական դասընթացների ծրագրում: