17 հունիսի 2016 - 15:39 AMT
Երևանի բժիշկներն Աբխազիայում մոտ 300 երեխայի են զննել

Երևանի բժիշկ նյարդաբանները ընդունելություն են անցկացրել Աբխազիայի «Սուրբ Աստվածամայր» կենտրոնում: 3 օրում նրանք հարյուրավոր երեխաների են զննել:

Հայ բժիշկները զննել են հենաշարժողական խնդիրներ ունեցող, ինչպես նաև պերինատալ պաթոլոգիաներվ և էպիլեպսիայով տառապող երեխաների:

«Ընդունելության էին եկել նաև աուտիզմ ունեցող երեխաներ: 3 օր տևած ընդունելության ընթացքում մոտ 300 երեխա է զննության ենթարկվել»,-ասել է բուժհաստատության տնօրեն Հասմիկ Դանիելյանը:

Երևանցի մասնագետներն իրենց հերթին նշել են, որ լավ կլինի, որ աբխազ մասնագետներն ուշադրություն դարձնեն վաղ ախտորոշման և բուժման արդիական մեթոդներին, հայտնում է Abhazia-news.ru-ն:

Ամփոփելով հայաստանցի բժիշկների աշխատանքը` Աբխազիայի առողջապահության փոխնախարար Բատալ Կացիան վստահություն է հայտնել, որ սկսված աշխատանքը կտա իր պտուղները: