20 հունիսի 2016 - 17:11 AMT
ՀՀ նախագահ. Հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծումը լավ հիմք կստեղծի բանակցությունների համար

Հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը լավ հիմք կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունների համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումը բոլորին է հայտնի: Մենք ցանկանում ենք, որ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, ի թիվս ՄԽ համանախագահ երկրների, այն ըմբռնման և ջանքերի համար, որոնք դուք գործադրում եք հարցի լուծման համար»,-ասել է Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

«Սակայն, ցավոք, կողմերից մեկի ցանկությամբ այդպիսի հարցերը չեն լուծվում: Մենք ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջխաղացում ունենալ այն պայմանավորվածությունների իրականացման համար, որոնք մենք ձեռք ենք բերել` այսինքն, ստեղծենք հրադադարի ռեժիմի խախտւմների հետաքննության մեխանիզմներ: Դա աշխատանքային տրամադրվածություն կստեղծի բանակցելու համար»,-հավելել է ՀՀ նախագահը:

Պուտինն իր հերթին պատրաստակամություն է հայտնել քննարկելու բոլոր այդ հարցերը:

Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը: Նախատեսված է նաև եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:

Մայիսի 16-ին Վիեննայի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: