23 հունիսի 2016 - 10:52 AMT
Անկարան թույլ չի տվել գերմանական պատվիրակությանն այցելել Ինջիրլիքում ՆԱՏՕ-ի ավիաբազա

Անկարան թույլ չի տվել գերմանական պատվիրակությանն այցելել թուրքական «Ինջիրլիք» բազա, որտեղ տեղակայված է ՆԱՏՕ-ի ավիաբազան։ Պատվիրակության կազմում է եղել նաև Պաշտպանության նախարարության պետական քարտուղար Ռալֆ Բրաուկզիպեն։ Այս մասին հաղորդում է Եվրանյուզը՝ գերմանական Spiegel-ին հղումով։

Գրավոր բացատրություն թուրքական կառավարությունը Գերմանիայի պաշտպանության նախարարությանը դեռևս չի տվել, սակայն, ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության` Անկարան այս մերժումը պայմանավորում է 2016-ի հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումով։

Գերմանական պատվիրակությունը պլանավորել է հուլիսի կեսերին ճանաչողական այց կատարել ռազմաբազա՝ հասկանալու համար «Իսլամական պետության» դեմ գործողություններում ներգրավված դաշնային զորքերի վիճակը։

2016-ի հունվարից գերմանական հետախույզ ինքնաթիռներն օգտագործվում են Սիրիայում օդային հետախուզություն իրականացնելու համար, գրում է Ա1+-ը։

Սա Անկարայի առաջին մերժումը չէ Բեռլինին։ Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունումից հետո Թուրքիան առկախեց գերմանացի լրագրողների այցը «Ինջիրլիք» բազա՝ այդ որոշումը հիմնավորելով անվտանգության նկատառումներով։

Բունդեսթագի այս որոշումից հետո թուրքական Kanal հեռուստաալիքը մերժել էր վերահեռարձակել գերմանական ZDF հեռուստաընկերության պատրաստած մանկական հեռուստածրագիրը։