23 հունիսի 2016 - 13:59 AMT
ՌԴ ԿԲ-ն զգուշացրել է ՀՀ-ից ֆիկտիվ ներմուծման հնարավոր կասկածելի գործարքների մասին

Ռուսաստանի Կենտրոնական բանկը զգուշացրել է ռուսական բանկերին Հայաստանից կամ Ղրղզստանից ֆիկտիվ ներկրման հետ կապված կասկածելի գործարքներում ընդգրկվելու ռիսկի մասին: Համապատասխան նամակը ԿԲ փոխնախագահի ստորագրությամբ հրապարակվել է «Ռուսաստանի բանկի վեստնիկում»:

Ավելի վաղ անբարեխիղճ հաճախորդները նման գործողություններ են իրականացրել Բելառուսի և Ղազախստանի ընկերությունների հետ: Սակայն, այս անգամ կանոնակարգողն ուշադրությունը հրավիրել է Հայաստանի և Ղրղզստանի վրա:

Հաշվի առնելով Մաքսային միության ընդլայնումն`այսպես կոչված բելառուս-ղազախական սխեմայի տարածման վտանգ կա, գրում է «Պրակտիկ հաշվապահություն» պարբերականը:

ՌԴ ԿԲ-ն նշում է, որ Հայաստանից և Ղրղզստանից ապրանքների գծով կասկածելի գործարքներ կարող են լինել խուսափումը հարկերից, «ստվերային» ներմուծման ֆինանսավորումն ու հանցավոր եղանակով ստացած եկամուտների լվացումը:

Հայաստանից և Ղրղզստանից ապրանքներ գնող հաճախորդներին ստուգելիս ՌԴ ԿԲ-ն խորհուրդ է տալիս ղեկավարվել նույն չափանիշներով, որոնք գործում են Բելառուսի և Ղազախստանի համար գործարքների դեպքում: Եթե բանկի կասկածները հաստատվում են, հարկ է մերժել հաճախորդին և փակել հաշիվը: