23 հունիսի 2016 - 14:41 AMT
Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, «Գահերի խաղի» նկարահանումները կարող են ձախողվել

Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, դա սպառնալիքի տակ կդնի «Գահերի խաղը» հայտնի ամերիկյան հեռուստասերիալի նկարահանումների շարունակությունը:

Սերիալի հիմնական արտադրական բազան գտնվում է Հյուսիսային Իռլանդիայում: Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից, առանց Տարածաշրջանային զարգացման եվրոպական հիմնադրամի ներդրումների, բազան կարող է պակաս գրավիչ դառնալ և նախագծի հեղինակները կարող են այլ վայրեր որոնել արտադրության թանկացման պատճառով, հայտնում է Newsru-ն The Independent-ի վրա հղումով:

«Գահերի խաղը» հազարավոր աշխատատեղեր է ստեղծում Հյուսիսային Իռլանդիայում և Իսպանիայում և բավականին մեծ նախագիծ է և կարող է լուծում գտնել, սակայն Brexit-ն իրական սպառնալիք է օտարերկրյա հեռուստա- և կինոնախագծերի համար:

Եվրամիության կազմից երկրի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն անցնում է հունիսի 23-ին: Քվեարկության մասնակիցները պետք է պատասխանեն հետևյալ հարցին. «Միացյալ Թագավորությունը պե՞տք է մնա ԵՄ կազմում թե դուրս գա Եվրամիությունից»:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի ու Հրի երկը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

Ընթերցեք նաև. «Գահերի խաղի» աստղերն ավելի շատ կվաստակեն հաջորդ սերիաների համար