23 հունիսի 2016 - 15:55 AMT
Հայազգի պատգամավորը Թուրքիայում պարտադիր կրոնական դասընթացների մասին պարզաբանում է պահանջել

Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ներկայացնող հայ պատգամավոր Սելինա Դողանը ազգային կրթության նախարարին հարցում է հղել՝ ուսումնական հաստատություններում պարտադիր կրոնական դասընթացների վերաբերյալ: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի տեղեկացմամբ՝ Դողանն իր հարցումը մեջլիս էր ուղարկել դեռևս 2015թ. դեկտեմբերին՝ ակնկալելով այն ժամանակվա կրթության նախարար Նաբի Ավջըի պատասխանը: Սակայն հայ պատգամավորի հարցերին պատասխանել է արդեն նոր նախարար Իսմեթ Յըլմազը, հայտնում է Ermenihaber-ը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայում պարտադիր կրոնական դասերի և դրանց բովանդակության վերաբերյալ գործի շրջանակներում կայացրած վճռով դատապարտել էր Թուրքիային և սահմանել, որ կրոնի դասերը պետք է հանել կրթական հաստատությունների պարտադիր ուսումնական ծրագրից:

Սելինա Դողանը կրթության նախարարից մասնավորապես հարցրել էր, թե ինչու, չնայած հիշյալ որոշմանը, Թուրքիայի այս ոլորտում դեռ որևէ փոփոխություն չի կատարվել և կրոնի դասերը դեռ շարունակում են պարտադիր կարգով ուսուցանվել:

Իսմեթ Յըլմազն ի պատասխան տեղեկացրել է, որ ՄԻԵԴ-ի վճիռն ի կատար ածելու նպատակով մշակվել է հատուկ «գործողությունների պլան», որը ուղարկվել է արդարադատության նախարարություն:

«Արդարադատության նախարարության կողմից վերջնական տեսքի բերված գործողությունների պլանի համաձայն՝ ԱԻՀՄ-ի վճիռը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է լայնածավալ ուսումնասիրություն անցկացնել և խնդիրը բազմակողմանի գնահատել: Այդ նպատակով տարբեր մասնագետներից կազմված հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որն իր աշխատանքները կսկսի հունիսից: Նախատեսված է, որ խմբի աշխատանքները կավարտվեն ամենաուշը 2016թ. տարեվերջին», - ասված է նախարարի պատասխանում: