Հունիսի 24-26-ը Հայաստան ժամանող Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցելության օրերին հանրապետությունում մատուցվելիք Սուրբ պատարագի, Երևանի Հանրապետության հրապարակում աղոթքի հնչեցման և այլ հանրային միջոցառումների վայրերում հատուկ սարքավորումներով այցելուների ուղեբեռի զննություն կիրականացվի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, հայտնում է Tert.am-ը:
«Ոստիկանությունը, որն ըստ իրավիճակի, պատշաճ հասարակական կարգ է ապահովում, այս անգամ ևս իր ստորաբաժանումների միջոցով պատշաճ կերպով կապահովի մեր քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը»,-հավելել Աշոտ Ահարոնյանը:
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ հայտնել է, որ ծառայությունը հերթապահելու է Հռոմի սրբազան քահանայապետի` Ծիծեռնակաբերդ այցելության, ինչպես նաև` Հանրապետության հրապարակում էկումենիկ աղոթքի ժամանակ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եռօրյա այցը Հայաստան կմեկնարկի հունիսի 24-ին։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան այցին ընդառաջ ուղերձ է հղել հայությանը, որտեղ ուխտագնացություն է անվանել իր այցը ու խոսել դրա նպատակների մասին:
«Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ իրականացնելու, ինչպես կարգախոսն է ասում, այց առաջին քրիստոնյա երկիր: Ես գալիս եմ որպես ուխտագնաց՝ այս հոբելյանական տարին թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ և ըմպելու ձեր ժայռե՝ ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից», - ասում է Պապն իր ուղերձում:
Ընթերցեք նաև. Պապի ուղերձը հայերին. Գալիս եմ՝ ձեր հնագույն իմաստության մեջ թաթախվելու (վիդեո)