23 հունիսի 2016 - 18:14 AMT
Հայտնի ջազ կատարող Շարոն Քլարկն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում

Հանրահայտ ջազ կատարող Շարոն Քլարկն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում, հայտնել է համերգի կազմակերպիչ Mezzo Production-ը։

Երգչուհին Հայաստանում հանդես է գալու Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ Պետական ջազ նվագախմբի հետ։

«Այս նախագծին աջակցել է ԱՄՆ դեսպանատունը և Հայաստանի ջազի ասոցիացիան», -ասել է Mezzo Production-ի ներկայացուցիչ Գայանե Պողոսյանը, գրում է Sputnik Արմենիան։

Բացի այդ` ջազի լեգենդը հուլիսի 3-ին վոկալի վարպետության դաս կանցկացնի երաժշտության, մասնավորապես ջազ երաժշտության բոլոր սիրահարների համար։

Քլարկի անունը հայտնի է ամբողջ աշխարհում. նա մշտապես շրջագայում է` ելույթ ունենալով հեղինակավոր համերգասրահներում և միջազգային մրցանակներ ստանալով։ Նա հաղթել է ոչ միայն Ամերիկայի ջազ մրցույթներում և փառատոներւմ, այլև Եվրոպայում։

Քլարկը, ով Berklee College of Music-ի շրջանավարտն է, նույն կերպ հմտորեն կատարում է ինչպես ջազ երաժշտություն, այնպես էլ բլյուզ, սոուլ և հոգևոր երաժշտություն։ Ինչպես ասում են ջազի քննադատները, նրա հիանալի կոնտրալտոն ի զորու է դյութել ցանկացած ունկնդրի։