25 հունիսի 2016 - 11:57 AMT
Հռոմի պապը Գյումրիում պատարագ է մատուցել. Մասնակցել են հազարավոր մարդիկ (Թարմացված)

Հունիսի 25-ին՝ 11:20-ին Գյումրի քաղաքի Սուրբ Վարդանանց հրապարակում Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթակցությամբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սկսել է Սուրբ Պատարագը:

Դեռ վաղ առավոտից գյումրեցիները սպասում էին Պատարագին: Զննման մի քանի անցակետով անցնելուց հետո՝ համապատասխան տոմսի ու անձնագրի առկայության դեպքում հավատացյալները մուտք էին գործում հրապարակ: Երիտասարդ կամավորականները Հռոմի պապի պատկերով գլխարկներ, շարֆեր ու ջուր են բաժանել: Մարդկանց տրվել են նաև գրքույքներ՝ հայերեն ու իտալերեն աղոթքի տեքստերով:

Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը տեղեկացրել է, որ Վրաստանի բոլոր հայաբնակ և ոչ հայաբնակ շրջաններից հազարավոր հավատավոր մարդիկ այցելում են Գյումրի` պատմական պահի ականատեսն ու մասնակիցը դառնալու համար:

«Մենք ինքներս, ովքեր եկել ենք այս ուղտագնացությանը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ուխտավորներն ենք մեր հոգևոր դասի հետ միասին, Սամցխե Ջավախքի տարածաշրջանից ենք` Ախալցիխե, Ախալքալաք Նինոծմինդա շրջանների բնակիչներն ենք, ընդհանուր թվաքանակով մոտ 150 հոգի ենք: Գյումրի այցելում են ոչ միայն Սամցխե Ջավախեթիի բնակիչները այցելում են նաև Կաթողիկե համայնքի ներկայացուցիչները»,-ասել է հոգևոր հովիվը:

Նա հայտնել է Պատարագին մասնակցելու նախաձեռնության մասին նախապես տեղեկացրել են հավատացյալներին, իսկ նրանք ցանկություն են հայտնել մասնակցել Գյումրիում մատուցվելիք պատարագին, գրում է Tert.am-ը:

12:05-ին Սուրբ Պատարագն ավարտվել է:

Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ Հղիության Հայ քույրերի միաբանություն, Հայաստանյայց առաքելական Ս. եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար:

Հունիսի 25-ի առավոտյան Հայաստանում եռօրյա այցով գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսն, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարոգին Բ-ն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հոգևոր և պետական այրերի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր ու Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Այնտեղ նրանք ծաղիկներ են դրել ու աղոթել են զոհերի հիշատակին: Կատարվել է բարեխոսական կարգի արարողությունը՝ հայցելով սրբադասված նահատակների բարեխոսությունը: