27 հունիսի 2016 - 09:22 AMT
Հռոմի պապի գրառումը Twitter-ում. Երջանիկ էի այցելել Հայաստան

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայաստանյան այցից հետո գրառում է կատարել Twitter-ում` կիսվելով տպավորություններով:

«Երջանիկ էի այցելել Հայաստան, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես կրոն: Շնորհակալ եմ բոլորին ընդունելության համար», -ասվում է Հռոմի պապի գրառման մեջ:

Հունիսի 26-ին ավարտվեց Հռոմի պապի եռօրյա այցը Հայաստան:

Այցի ավարտին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ու Հռոմի Ֆրանցիսկոս պապը այցելել են Խոր Վիրապ, որը գտնվում է հայ-թուրքական փակ սահմանին մոտ: Պապն ու Ամենայն հայոց կաթողիկոսը Խոր Վիրապում Լուսավորչի գբից հանված լույսով մոմեր են վառել: Այնուհետև նրանք վառել են այն կանթեղը, որը Ֆրանցիսկոս պապի կողմից ընծայվել է Խոր Վիրապի վանքին:

Հունիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում տեղի ունեցավ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի Ֆրանցիսկոս պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը:Հռչակագրում անդրադարձ կա հարցերի լայն շրջանակին՝ ղարաբաղյան հարցից ու Հայոց ցեղասպանությունից մինչև թրաֆիքինգի հետ կապված խնդիրներ և ավանդական ընտանիքը: «Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը կգտնեն խաղաղ լուծում», - ասվում է հայտարարությունում: