28 հունիսի 2016 - 16:11 AMT
Պատմաբանները քննադատել են «Գահերի խաղը» սերիալի մարտական դրվագները

Reddit պորտալի ռազմական պատմությանը նվիրված էջում պատմաբանները քննադատել են «Գահերի խաղը» սերիալի մարտական դրվագները: Մասնավորապես, մասնագետները բազում անճշտություններ և թերացումներ են հայտնաբերել 6-րդ եթերաշրջանի 9-րդ էպիզոդում` «Բաստարդների ճակատամարտը» սերիայում, գրում է АРТ1-ին:

«Ընդհանրապես, «Բաստարդների ճակատամարտը» կսարսափեցնի ցանկացած զորավարի`այնտեղ չկա ոչ մի տրամաբանություն և գործողությունների հետևողականություն, իսկ մարտի դաշտը վերածվում է անարխիկ անկառավարելի զանգվածի»,-գրում է Reddit-ի օգտատերերից մեկը:

Օգտատերերին դուր չի եկել նաև զինվորների արտաքին հանդերձանքը: Ըստ փորձագետների, նետաձիգներին ճակատամարտի կեսից օգտագործելն անիմաստ է, խելամիտ չէ նետերը մխրճել կռվող զանգվածի մեջ`դրանք կարող են խոցել ինչպես թշնամիներին, այնպես էլ դաշնակիցներին: Միջնադարում նետաձիգները միշտ առաջինն են սկսել ճակատամարտը:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի ու Հրի երկը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

Ընթերցեք նաև. «Գահերի խաղի» աստղերն ավելի շատ կվաստակեն հաջորդ սերիաների համար