28 հունիսի 2016 - 15:29 AMT
Լրագրող Ռոման Բաբայանը` ՌԴ Պետդումայի պատգամավորության թեկնածու

Հայտնի ռուսաստանցի լրագրող, «Ձայնի իրավունք» հաղորդման հաղորդավար Ռոման Բաբայանը դարձել է ՌԴ VII գումարման Պետդումայի պատգամավորության թեկանծու: Այդ մասին հայտնի է դարձել հունիսի 27-ին Մոսկվայում անցած «Արդար Ռուսաստան» կուսակցության համագումարում, որտեղ հրապարակվել են պատգամավորության թեկնածուների անունները:

Հայազգի լրագրողի հետ «էսեռների» թեկնածուների ցուցակում ընդգրկվել են նաև քաղաքական խորհրդատու Անատոլի Վասերմանը, ՌԴ ֆուտբոլի նախկին մարզիչ Վալերի Գազաևը, հրապարակախոս Միխայիլ Դելյագինը, ինչպես նաև Աֆղանստանում գերությունից փախած օդաչու Վլադիմիր Շարպատովը:

«Արդար Ռուսաստանի» համադաշնային ցուցակում ընդգրկվել է միայն կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը: ՌԴ Պետդումայի գործող գումարման «էսեռ» պատգամավորներից շատերը նոր ցուցակում չկան, հայտնում է Ռուս-հայկական լրատվական գործակալությունը:

ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան 2016-ի սեպտեմբերի 18-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը: