30 հունիսի 2016 - 14:25 AMT
Ռուսաստանը կարող է օգնել հովազների վերաբնակեցման կենտրոնի ստեղծմանը ՀՀ-ում

Ռուսաստանը կարող է օգնել հովազների վերաբնակեցման կենտրոնի ստեղծմանը Հայաստանում: Այդ մասին հայտնել է ՌԴ բնական պաշարների և բնապահպանության նախարար Սերգեյ Դոնսկոյը:

«Դիմումներ են եղել մերձավոր երկրներից, որոնք գտնվում են հովազի միգրացիայի ճանապարհին: Միջանցիկ տարածքներում կան վայրեր, որտեղ հովազներ են հայտնվում: Հայաստանից մեր գործընկերները դիմել են, որպեսզի օգնենք նրանց վերաբնակեցման կենտրոնի ստեղծման գործում: Սկզբունքորեն, մենք կարող ենք կիսվել: Հաշվի առնելով, որ մենք շահագրգռված ենք, որ ամբողջ այդ տարածքը բնակեցվի»,-ասել է Դոնսկոյը:

Նա մանրամասնել է, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին մի քանի առաջավորասիական հովազ փոխանցել Սոչիի վերաբնակեցման կենտրոնից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Հայաստանի տարածքում 13 հովազ կա:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կովկասյան հովազի և վերջինիս կենսամիջավայրի պահպանմանն ուղղված հայաստանյան նախագիծը Գերմանիայի National Geographic-ի միջազգային մրցանակ է ստացել: Եվրոպական բաց տարածքների պահպանման ասոցիացիա (EOCA) հայտ ներկայացրած բազմաթիվ միջազգային բնապահպանական նախագծերից Հայաստանում կովկասյան հովազի պահպանման նախագիծը 6 լավագույնների շարքում էր։ Արդյունքում՝ օնլայն քվեարկությունում հավաքելով ձայների 34%-ը, այն դարձել է առաջատարն ու ստացել մոտ 30․000 եվրո կազմող մրցանակը։