Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության խմբային փուլի վերջին տուրում խոշոր հաշվով հաղթել է Ուելսի ընտրանուն և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Հայաստանի հավաքականն առաջին քառորդում հաղթել է 29:9 հաշվով, երկրորդ քառրոդն ավարտվել է 46:20 հաշվով, երրորդ քառորդում հաշիվը 67:26 էր՝ հօգուտ Հայաստանի ընտրանու: Ի վերջո Հայաստանի հավքականը հաղթել է 52 միավորի առավելությամբ՝ 92:40:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող 20 միավորով ճանաչվեց Մայք Դանիելյանը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Կիսաեզրափակչում Հայաստանի ընտրանու մրցակիցը պարզ կդառնա խմբային փուլի հանդիպումների ավարտից հետո:
Հունիսի 28-ին Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում` գերազանցելով Մոլդովայի թիմին: Առաջին քառորդից հետո Հայաստանի հավաքականն 7 միավորով առաջ էր Մոլդովայից (18:11): Ունեցած առավելությունը Հայաստանի թիմը պահպանեց նաև երկրորդ քառորդում (41:30): Երրորդ և չորրորդ քառորդներին պահպանելով առաջատարի դիրքը Հայաստանի հավաքականն ի վերջո հաղթեց 83:64 հաշվով:
Այդ խաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Անդրե Սպայթ Մկրտչյանն էր` 24 միավոր:
Հայաստանի հավաքականը խմբային փուլի երկրորդ տուրում համառ պայքարում 63:70 հաշվով զիջել է ամենատիտղոսակիր հավաքականին՝ Անդորրային, որն առաջնության գործող չեմպիոնն է: Առաջին քառորդից հետո հայ բասկետբոլիստնեն առաջ էին մրցակցից 14:12 հաշվով: Երկրորդ քառորդն ավարտվեց՝ 31:30 հօգուտ Հայաստանի ընտրանու: Երրորդ քառորդում Հայաստանի թիմը 53:55 հաշվով զիջեց անդորացիներին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակեց 24 միավոր: