30 հունիսի 2016 - 17:05 AMT
Ադրբեջանը դեմ չէ Սարգսյան-Ալիև նոր հանդիպմանը Փարիզում

Ադրբեջանական կողմը դեմ չէ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի նոր հանդիպմանը Փարիզում: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում իր գերմանացի պաշտոնակից, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայում: Ֆրանսիական կողմն առաջարկել է այդպիսի հանդիպում անցկացնել: Մենք դեմ չենք»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Նա հավելել է նաև, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևան այցից հետո հուլիսի 4-ին կլինի Բաքվում: Բաքվում կանցկացվեն բանակցություններ, իսկ հետո կարող է տեղի ունենալ նախագահների հանդիպում:

Նա հավելել է նաև, որ կարևորն այն է, որ բանակցություններն արդյունավետ լինեն: «Եթե ուզում ենք խաղաղ ճանապարհով առաջընթացի հասնել, բանակցություններ հանուն բանակցությունների չպետք է լինեն»,-ասել է նա:

Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նոր բանակցությունների համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն Փարիզում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:

«Մենք նաև քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Սերգեյ Լավրովը մեզ տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների միջև կայացած բանակցությունների արդյունքների մասին: Ես հիշեցրել եմ, որ մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Փարիզում նոր քննարկումների համար»,- ասել է Էյրոն: