2 հուլիսի 2016 - 14:27 AMT
«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանի ներկայացուցիչը կընտրվի հեռուստամրցույթի միջոցով

Հանրային հեռուստաընկերությունը նոր եթերաշրջանում եթեր կհեռարձակի նոր նախագիծ՝ երաժշտական հեռուստամրցույթ:

Անկախ բնակության վայրից և երաժշտական նախասիրություններից մրցույթին մասնակցելու են հրավիրվում 16 տարեկանից բարձր, ազգությամբ/արմատներով հայ, ձայնային լավ տվյալներով և բեմական կեցվածքով կատարողներ, որոնք ցանկանում են մասնակցել եվրոպական ամենամեծ երաժշտական շոուին՝ «Եվրատեսիլ»-ին:

«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու և 3 ամիս ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախորդ տարիների ներկայացուցիչները, ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով: Հեռուստադիտողներն էլ հնարավորություն կունենան հետևելու այն ամբողջ ընթացքին, որը տանում է «Դեպի եվրատեսիլ»:

Մրցույթի լավագույն մասնակիցը հնարավորություն կունենա մասնակցել «Եվրատեսիլ-2017»-ին:

Մրցույթի մասնակցության հայտերը կընդունվեն հուլիսի 6-ից օգոստոսի 25-ը:

Ստոկհոլմում մայիսի 14-ին կայացած «Եվրատեսիլ-2016» եզրափակչում երգի մրցույթի հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան: Երկիրը ներկայացել էր «1944» երգով: Երկրորդ տեղում է Ավստրալիայի ներկայացուցիչ Դամի Իմն իր Sound Of Silence երգով, երրորդ՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևն իր You Are The Only One-ով:

Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն իր LoveWave երգով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: