Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իր կարիերային առնչվող մի շարք հարցերի:
Խոսելով խաղացողների վարկածով Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին, Մխիթարյանն ասել է. «Հպարտանում եմ, որ ինձ տվեցին այդ մրցանակն ու ճանաչեցին լավագույնը Գերմանիայում: Դա մեծ նշանակություն ունի ինձ համար, ու կցանկանայի շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին», Marca պարբերականին հղումով գրում է Armsport.am-ը:
Հարցին, թե ինչպե՞ս Բորուսիայի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին հաջողվել է հասնել նման առաջընթացի ֆուտբոլիստի հետ, Մխիթարյանը պատասխանել է.
«Նա մեծագույն մարզիչ է ու հիանալի ստրատեգ: Նա բացառիկ խաղային փիլիսոփայություն ունի: Նրա խաղաոճը հարձակողական է: Դա է իմ հաջողության պատճառը: Շնորհակալ եմ նրան հավատարմության ու վստահության համար»:
Հարցին, թե կցանկանար մի օր հանդես գալ իր կուռքի՝ Զինեդին Զիդանի գլխավորությամբ, Մխիթարյանը պատասխանել է.
«Զիդանը միշտ էլ իմ կուռքն է եղել, ով միշտ հիացմունք է առաջացրել ինձ մոտ: Կարծում եմ՝ նման առաջատարի մոտ կարելի է շատ բան սովորել: Ինչո՞ւ չաշխատեմ նրա հետ, եթե այդպիսի հնարավորություն ստանամ»:
նա նաև հավելել է, որ չի խոսում իսպաներեն, սակայն կցանկանար սովորել այն:
«Իսպանիայի առաջնությունն աշխարհի ուժեղագույն լիգաներից է, որտեղ տեխնիկապես բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում: Երբեք չգիտեք, թե ինչպես կդասավորվի ձեր կարիերան»:
Մխիթարյանի խոսքով, ժամանակակից ֆուտբոլը մեծ պրոֆեսիոնալիզմ է պահանջում ու ջանասիրաբար աշխատանք: «Տաղանդը և կարգապահությունը միասին՝ դա է իմ փիլիսոփայությունը: Ինձ նվիրել եմ ֆուտբոլին: Ինձ շատ է դուր գալիս կատարել փլեյմեյքերի պարտականություններ, քանի որ այդ դիրքում կարողանում եմ ցուցադրել իմ ներուժը: Այնուամենայնիվ, միշտ պատրաստ եմ կատարել մարզիչների կարգադրությունները»:
Հուլիսի 2-ին Դորթմունդի «Բորուսիան» հաստատել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին տեղեկությունները: