4 հուլիսի 2016 - 13:04 AMT
Խաչատրյանը և Բեռլիոզը Հայաստանի ֆիլհարմոնիկի կատարմամբ՝ Մարիինյան թատրոնում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հուլիսի 12-ին «Սպիտակ գիշերների աստղերը» 24-րդ փառատոնի շրջանակում ելույթ է ունենալու Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում: Այս մասին տեղեկացրել են նվագախմբից:

Որպես մենակատար հանդես է գալու ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը: Նվագախումբը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Աշխարհի ամենահայտնի և խոշոր օպերայի և բալետի թատրոններից մեկում հայկական ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարելու է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Էկտոր Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան, հայտնում է Panorama.am-ը:

«Սպիտակ գիշերների աստղերը» 24-րդ փառատոնը մեկնարկել է մայիսի 26-ին և կշարունակվի մինչև հուլիսի 24-ը: Փառոտոնի շրջանակում կայանալու է քան 160 ներկայացում և համերգ համաշխարհային բեմերի աստղերի մասնակցությամբ, երեք օպերայի և երկու բալետի պրեմերա, ելույթ է ունենալու տաս հրավիրված կոլեկտիվ: