4 հուլիսի 2016 - 16:04 AMT
Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը՝ երիտասարդական ԱԱ լավագույն մարզիկ

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է աշխարհի երիտասարդական առաջնության լավագույն մարզիկ:

Հայ մարզիկը ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է մրցաշարի լավագույն մարզիկ Թբիլիսում կայացած աշխարհի առաջնությունից հետո, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Թբիլիսում կայացած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Մարտիրոսյանը (+105 կգ) պոկում վարժություն բարձրացրեց բոլոր երեք մոտեցումներն էլ:

Նախ 175 կգ, հետո 182 կգ և վերջում էլ 187 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրումում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնը նախ գլխավերևում պահեց 210 կգ, այնուհետ 220 կգ և 225 կգ և կրկին արժանացավ փոքր ոսկե մեդալի: Երկամարտի 412 կգ արդյունքով Մարտիրոսյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն: