Նոր ուսումնական տարում Teach for Armenia-ի կողմից ընտրված, բարձր որակավորում ունեցող 33 երիտասարդ մասնագետ կմեկնի Հայաստանի մարզեր՝ դասավանդելու մասնագետների պակաս ունեցող դպրոցներում:
Teach For Armenia («Դասավանդի՛ր, Հայաստան») կրթական հիմնադրամը, Scholae Mundi Armenia և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամների հետ համատեղ, UWC Dilijan քոլեջում հուլիսի 4-ին կազմակերպել է Teach For Armenia-ի 2016-ի ծրագրի մասնակիցների առաքելության մեկնարկի արարողությունը:
Միջոցառման հյուրերն էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ծրագրի մասնակից դպրոցների, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ:
Teach For Armenia հիմնադրամը գործակցում է Հայաստանի հինգ մարզի 40 դպրոցի հետ: Երիտասարդ մասնագետների նոր խումբը կմիանա 2015-ի՝ 14 մասնակիցներից կազմված խմբին, ովքեր արդեն մեկ տարի է, ինչ դասավանդում են Լոռու, Տավուշի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի դպրոցներում:
Այս տարի ծրագիրը կընդգրկի նաև Արագածոտնի մարզը: Teach For Armenia -ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Լարիսա Հովհաննիսյանը, Scholae Mundi Armenia, IDeA հիմնադրամների, UWC Dilijan քոլեջի համահիմնադիր և Teach For Armenia-ի տնօրենների խորհրդի անդամ Վերոնիկա Զոնաբենդը ողջունեցին ծրագրի մասնակից երիտասարդներին և հայտարարեցին Teach for Armenia 2016 ծրագրերում նրանց ներգրավման մասին:
«Դուք մեծ պատասխանատվություն եք ստանձնել: Հիշե՛ք, որ դուք բացառիկ հնարավորություն ունեք ձեր ներդրումը կատարելու Հայաստանի գալիք սերնդի կայացման գործում: Ձեր պատասխնատվությունն է ոչ միայն ապահովել ձեր աշակերտների ակադեմիական առաջընթացը, այլև բացահայտել յուրաքանչյուր աշակերտի ողջ ներուժը»,-նշել է Հովհաննիսյանը։
Teach For Armenia և Scholae Mundi Armenia հիմնադրամները 2016-ին միավորել են ջանքերը՝ յուրաքանչյուր երեխայի համար մատչելի և հավասար կրթական հնարավորություն ապահովելու նպատակով:
Scholae Mundi Armenia առաքելությունն է աջակցել Հայաստանի կրթության ոլորտում առավել առաջատար մոտեցումների տարածմանը, որոնք երկարաժամկետ հեռանկարում սոցիալական փոփոխությունների կատալիզատոր կդառնան:
Teach for Armenia-ի ծրագրի մասնակիցները ինչպես Հայաստանից (Երևանից և մարզերից), այնպես էլ սփյուռքի հայկական համայնքներից են: Teach for Armenia-ի ծրագրի մասնակիցները դասավանդում են հանրակրթական ծրագրով նախատեսված բոլոր առարկաները՝ շեշտը դնելով հատկապես ճշգրիտ գիտությունների, բնագիտական առարկաների և օտար լեզուների ուսուցանման վրա։
Մինչև մարզերի դպրոցներում աշխատանքի մեկնելը՝ երիտասարդ մասնագետները կմասնակցեն «Ամառային ինստիտուտ 2016» վերապատրաստման վեցշաբաթյա վերապատրաստման ինտենսիվ դասընթացին, որի նպատակն է մասնակիցներին նախապատրաստել իրենց երկամյա դասավանդման հանձնառությանը։ Մարզերի դպրոցներում դասավանդելու ընթացքում նրանք ոչ միայն փոխանցելու են գիտելիքներ, հմտություններ և արժեքներ, այլև դառնալու են համայնքի լիիրավ անդամ։