6 հուլիսի 2016 - 09:36 AMT
Քնեսեթը Ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը կրկին ուղարկել է լրամշակման

Իսրայելի Քնեսեթը հուլիսի 5-ին կրկին չի արդարացրել սպասելիքները՝ արդեն երրորդ անգամ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախատեսող բանաձևն ուղարկելով Կրթության, գիտության և մշակույթի մշտական հանձնաժողով:

Հակառակ ակնկալվածի՝ Քնեսեթի լիագումար նիստ տեղի չունեցավ․ հարցը պարզապես քննարկվեց, ինչպես քննարկվել է տարիներ շարունակ: «Մերեց» կուսակցության ղեկավար Զեհավա Գալ-Օնի հեղինակած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը զետեղվեց օրակարգում և 120 պատգամավորից ընդամենը 24-ը մասնակցեցին քննարկմանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նախ Զեհավա Գալ-Օնը ներկայացրել է խնդիրը, սակավաթիվ ելույթ ունեցողներից էր Թալի Բլոսկովը, ով Իսրայել - Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավարն է:

Բոլոր ելույթներում ընդգծվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, նշվում էր, թե այն պետք է ճանաչվեր դեռ 70 տարի առաջ:

Վերջում կառավարության կողմից ելույթ ունեցով Անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախարար Ցախի Հանեգբին («Լիկհուդ» կուսակցություն): Նա խոսեց հայ ժողովրդի հետ ունեցած ջերմ հարաբերությունների, վերջին ժամանակներում տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումների մասին՝ ելույթի վերջում կոչ անելով քննարկումը տեղափոխել Քնեսեթի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողով, որը կդիմի պատմաբաններին, մասնագետներին, կօգտագործի հայկական ու թուրքական արխիվային փաստաթղթերը և կներկայացնի ընդհանուր եզրակացություն:

Քնեսեթի խոսնակ Յուլի-Յոել Էդելշտեյնն ընդունել է կառավարության ներկայացուցչի առաջարկը և դրել քվեարկության․ ներկա բոլոր 24 պատգամավորը կողմ քվեարկեց:

Իսրայելը նախկինում ձեռնպահ էր մնում Հայոց ցեղասպանության թեմայով հանրային քննարկումներից և ազատ քվեարկությունից:

Կարդացեք նաև՝ Հրեա ցեղասպանագետ. Հերքելով Հայոց ցեղասպանությունը Իսրայելը անարգում է նաև Հոլոքոստի զոհերի հիշատակը