«Ջեբհաթ ան Նուսրան» շարունակում է գնդակոծել սիրիական Հալեպ քաղաքն ու մերձակա բնակավայրերը` գնդակոծվել է 3 բնակավայր և Հալեպի 2 թաղամաս, ասվում է ռուսական Հաշտեցման կենտրոնի տեղեկանքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ջեբհաթ ան Նուսրա» և «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորումները շարունակում են խոչընդոտել հրադադրի ռեժիմի վերջնական հաստատմանը»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վերջին 24 ժամում Հալեպի գավառում ինքնաշեն հրետանուց ու ականանետերից գնդակոծվել են Հանդրաթ, Էլ Հադեր և Քուդեհի բնակավայրերը, Հալեպի Շեյխ Մահսուդ և էլ Հալիդիա թաղամասերը:
Ըստ ռուսական Հաշտեցման կենտրոնի, ահաբեկիչները գնդակոծել են նաև Դումա, Բեյնուրի, Ջաուբար, Բահարիա, Հարասթա էլ Քանթարա և Հութեյթա ալ Ջարաշ բնակավայրերը Դամասկոսի գավառում, ինչպես նաև Թաումա բնակավայրը Լաթաքիա գավառում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական Հալեպի և Իդլիբի շրջանում գործող զինյալ խմբավորումները ռազմական հանցագործություններ են կատարում: Այդ մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Amnesty International (AI)-ի զեկույցում:
Ինչպես հայտարարել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Amnesty International (AI)-ի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ֆիլիպ Լյուտերը, խաղաղ բնակիչները մշտական վախի մեջ են: «Հալեպում և Իդլիբում զինյալները միանգամայն ազատ ռազմական հանցագործություններ են կատարում և խախտում են միջազգային հումանիտար իրավունքը»,-ասել է Լյուտերը: Նա հավելել է նաև, որ ապստամբները օգտագործում են բռնության նույն մեթոդները, ինչ կանոնավոր սիրիական ուժերը: Զեկույցում ասվում է առևանգման 24 դեպքի մասին, ինչպես նաև խոշտանգումների 5 դեպքի մասին: