6 հուլիսի 2016 - 15:51 AMT
ԱԳՆ. ՀՀ և ԼՂ միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը մշակվում է

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը գտնվում է մշակման փուլում: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նշվել է, որ համաձայնագրի հետ կապված հաջորդ քայլերը պայմանավորված կլինեն ապագա զարգացումներով համապատասխան գործոններով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը ապրիլի 4-ին ասել է, որ հրահանգել է արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Նախագահը նաև վերահաստատել է, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը 2016-ի ապրիլին տեղեկացրել էր, որ ԼՂՀ և ՀՀ միջև ռազմական ոլորտում փոխօգնության պայմանագիրը գտնվում է համաձայնեցման փուլում:

«Պետք է վերջնական տեսքի բերենք տեքստը, համաձայնեցնենք, ստորագրվի, որից հետո կարող ենք խոսել վավերացման մասին»,- պարզաբանել է փոխնախարարը: